english
 
 
ՓՆՏՐԵԼ ԿԱՅՔՈՒՄ

«Ինտերակտիվ մարդու իրավունքներ» դատախաղ-մրցույթի մասին

«Ինտերակտիվ մարդու իրավունքներ» դատախաղ-մրցույթը իրականացվել է «Երիտասարդական նվաճումներ» ՀԿ-ի կողմից «Իրավական ուղեցույց» կազմակերպության հետ համատեղ եւ Եվրոպական Միության ֆինանսավորմամբ 2004-2005, 2007-2008 եւ 2009-2010 թվականներին:
 
«Ինտերակտիվ մարդու իրավունքներ» (այսուհետ՝ ԻՄԻ) Եվրոպական իրավունքի դատախաղ-մրցույթը մտացածին դատական գործի վերաբերյալ գրավոր փաստարկների մշակումն ու դրանց ներկայացումն է՝ ասես դրանք հանձնված լինեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քննությանը: Դատախաղն իր մեջ ներառում է այնպիսի բաղադրիչներ, ինչպիսին է հետազոտությունների իրականացումը, նկատառումների եւ փաստարկների մշակումն ու դրանց ներկայացումը՝ փաստաբանական գրավոր եւ բանավոր խոսքի նկատմամբ կիրառվող միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխան: Դրա անցկացումը հնարավորություն է ընձեռում լուծել դատական գործը եւ խթանել Մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը՝ միջազգայնորեն ընդունված նորմերին եւ ստանդարտներին համապատասխան:

ԻՄԻ Եվրոպական իրավունքի դատախաղ-մրցույթի դատական գործը մշակվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վերաբերյալ առկա արդիական խնդիրները:

Ենթադրաբար, Դիմումատուն՝ այն անձը, ում իրավունք(ներ)ը խախտվել է (են), դիմում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ հայցելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով երաշխավորված իրավունք(ներ)ի եւ հիմնարար ազատությունների պաշտպանություն: Ըստ դատախաղի գործի իրադարձությունները տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում և դրա նկատմամբ գործում է Հայատանի Հանրապետության ներկա գործող օրենսդրությունը: Դատախաղ–մրցույթի ընթացքում մասնակիցները պետք է առաջնորդվեն Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով եւ դրան կից արձանագրություններով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կանոնակարգով, Հայաստանի Հանրապետության վերաբերյալ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից ընդունված համապատասխան Հանձնարարականներով եւ մի շարք այլ փաստաթղթերով:

Մրցույթը մասնակիցներին ուրույն հնարավորություն է ընձեռում ձեռք բերել արժեքավոր փորձառություն Մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական մեխանիզմների ոլորտում, զարգացնել փաստաբանական գրավոր եւ բանավոր հմտությունները,  նպաստում է հետազոտական գործունեության եւ թիմային աշխատանքի հմտությունների ձեւավորմանը, ինչպես նաեւ վստահություն է սերմանում հրապարակայնախոսության մեջ:

Մրցույթը բաղկացած է Գրավոր եւ Բանավոր մրցափուլերից: Բանավոր մրցափուլն իր հերթին բաղկացած է նախընտրական, քառորդ, կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ մակարդակներից: Բոլոր մրցափուլերը ընթանանում են Մրցույթի Պաշտոնական կանոնների եւ Ժամանակացույցի համաձայն: Եզրափակիչ մրցափուլից հետո մասնակիցներին շնորհվում են մասնակցության վկայագրեր, իսկ առավել հաջող հանդես եկած մասնակիցներին տրվում են պատվավոր մրցանակներ: Հաղթող թիմը պարգեւատրվում է հատուկ մրցանակով:
Դատախաղը հնարավորինս մոտեցված է  իրական դատավարության սցենարին:



Copyright © 2009 "Youth For Achievements" Educational NGO. All rights reserved.

Designed by e-Works Web Design Studio